• 20.06.2012
  • Նորություն
Մեկ օր Բիբլոս Բանկում. ԱՅԲ դպրոցի աշակերտների ուսումնական այց

20-june

Մեկ օր Բիբլոս Բանկում
«Այբ» բարձրագույն դպրոցի աշակերտները ուսումնական այց կատարեցին

Հունիսի 19-ին «Այբ» բարձրագույն դպրոցի աշակերտներն այցելեցին «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխամասային գրասենյակ և Ամիրյան մասնաճյուղ՝ անմիջականորեն ծանոթանալու Բանկի ընթացակարգերին և ամենօրյա աշխատանքին, ինչպես նաև բանկային գործի մասնագիտական նրբություններին:

«Այբ» ավագ դպրոցի աշակերտների կողմից սա ուսումնական փոխայց էր Բիբլոս Բանկին: Ընտրվել էին տնտեսագիտական առարկաներից բարձր առաջադիմություն և հաջողություններ ունեցող տասնմեկ աշակերտներ: «Բիբլոս Բանկ Արմենիա»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի հետ զրույցից հետո աշակերտներն ուսումնական շրջայցը շարունակեցին Բանկի աշխատակազմի հետ: Բազմակողմանի ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան Բանկի սպասարկմանը և ծառայությունների փաթեթներին, մարդկային ռեսուրսների համակարգին և աշխատանքի ընդունվելու ընթացակագրերին, բանկի մասնաճյուղերի կառուցվածքին, բաժիններին և դրանց գործառույթներին:
«Այբ» ավագ դպրոցի հատուկ ուսումնական ծրագրերի գծով փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանի հավաստմամբ Բիբլոս Բանկի հետ համագործակցությունը ընդլայնվելու միտում ունի:
«Բանկի նախագահի և ղեկավար աշխատակազմի հետ երեխաների հանդիպումն ու հենց առաջին ձեռքից տեղեկություն ստանալը նրանց համար շատ կարևոր է մասնագիտության ընտրության հարցում: Ոմանք կցանկանան փոխել մասնագիտությունը, ոմանք էլ ավելի կտրամադրվեն և կհետաքրքրվեն», - նշեց պարոն Շիրվանյանը:
Աշակերտներին հատկապես հետաքրքրեց բանկում հնարավոր պրակտիկայի կամ աշխատանքի անցնելու հնարավորությունը:
«Շատ գովելի է, որ Բիլոս Բանկը նախաձեռնել է նման միջոցառում, քանի որ սա կարևոր է մեր հետագա մասնագիտական կողմնորոշման համար: Այսքան տեղեկատվություն ստանալը քիչ բան չէ, աշխատակազմն էլ շատ բարեհամբույր է: Շատ կցանկանայի այս տարիքում արդեն աշխատել և փորձ ձեռք բերել», - նշեց Սիրարփի Ղասաբյանը, ով սովորում է «Այբ»-ի 11-րդ դասարանում և մտադիր է մասնագիտանալ բանկային ոլորտում:
«Այբ»-ի աշակերտների հետ «Բիբլոս Բանկ Արենիա»-ի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել ս.թ. մայիսին, երբ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն պարոն Ղուկասյանը դպրոցի Միջօրեի հյուր դասախոսությունների շրջանակում դպրոցի աշակերտներին ներկայացրեց աշխարհում և Հայաստանում բանկային գործի զարգացման պատմական ակնարկը և բանկի հիմնական գործառույթները:
«Բիբլոս Բանկը Հայաստանում օժանդակում է կրթության զարգացմանը թեԲ ֆինանսական և մարդկային ռեսուրսների տրամադրման, թեԲ գիտելիքի փոխանցման միջոցով: Հուսով ենք, որ «Այբ» ավագ դպրոցի հետ իրագործված այս նախաձեռնությունը հնարավորություն տվեց երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում առավել իրազեկված լինել և ճիշտ կողմնորոշվել», - նշեց պարոն Ղուկասյանը:

Կարևորելով կրթության դերը բարեկեցիկ երկիր և մրցունակ մասնագետներ ունենալու մեջ՝ «Բիբլոս Բանկ Արմենիան» Հայաստանում հիմնադրումից ի վեր գործակցում է Հայաստանում Ամերիկյան Համալսարանի և այժմ նաև «Այբ» ավագ դպրոցի հետ: 2012 թվականին «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն կշարունակի ընդլայնել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթը կրթության, ինչպես նաև բնապահպանությանը նպաստող էներգախնայողության ծրագրերի ոլորտում:

թարմացված է՝ 17.08.2022 14:21
Դիմել վարկի համար Ուղարկել նամակ Հասցեներ