Բիբլոս Բանկ Արմենիան միացել է հայկական դրամի 30-ամյակին նվիրված անտառի հիմնման խոշոր նախագծի, որը նախաձեռնել են ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը և երկրի բոլոր 18 առևտրային բանկերը։
«Իմ անտառ Հայաստան» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ իրականացվող նախաձեռնության շրջանակում 50 հա նոր անտառ է հիմնվում Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում՝ 160 000 նոր ծառով։
Հայաստանը սակավանտառ երկիր է, և անտառածածկույթի ներկա տոկոսը բավարար չէ երկրի բնական էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու համար։ Այս միջոցառումը ֆինանսաբանկային համակարգի կողմից մնայուն արժեքներ ստեղծելու, սոցիալական պատասխանատվության և բնության պահպանման բացառիկ դերի գնահատման լավագույն օրինակներից է:
Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Բանկը մեծապես կարևորում է շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված աշխատանքները։
«Մենք հավատարիմ ենք պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին և ունենք հանձնառություն ինտեգրելու բնապահպանական խնդիրները մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում։ Բոլորս մեր համատեղ ջանքերով կարող ենք պահպանել ու վերականգնել մեր բնական ռեսուրսները և դրանք փոխանցել ապագա սերունդներին»,- նշում է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը:
Նախագծի շրջանակում ապրիլի 29-ին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի, ինչպես նաև առևտրային բանկերի ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ, որի ընթացքում տնկվեցին հայկական տեղական անտառային ծառատեսակներ։ Ծառատունկին հետևեց Կենտրոնական Բանկի, Հայաստանի բանկերի միության և «Իմ անտառ Հայաստանի» միջև համագործակցության հուշագրի կնքման արարողությունը։
«Այսօր սկսում ենք Հայկական դրամի 30-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք տեղի կունենան 2023 թվականի ընթացքում։ Շատ խորհրդանշական է, որ առաջինը հենց ծառատունկի միջոցառումն է։ Կենտրոնական բանկը մեծապես կարևորում է մեր երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն աջակցությունը, և ուրախ ենք, որ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, առևտրային բանկերի և «Իմ անտառ Հայաստանի» ծրագրի հետ միասին, կարող ենք մեր նպաստումն ունենալ շրջակա միջավայրի բարելավմանը»,- միջոցառման ընթացքում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
_______________________________________________
Հայկական դրամի ծնունդը նոյեմբերի 22–ին է։ 1993թ. հենց այդ օրը Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարեց խորհրդային ռուբլու փոխարեն սեփական ազգային արժույթի շրջանառության մեկնարկի մասին։ 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ», արտադրյալ միավորինը՝ «լումա»: